National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.10.2016
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ելույթը ներկայացվում է ստորեւ.
 
«Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք քննարկել մի խնդիր, որը վաղուց արդեն ժանտախտի պես քայքայում է մեր կառույցը: Վերջին գոնե երկու տարում չի եղել գեթ մեկ նստաշրջան, որի ժամանակ մենք չխոսենք շահերի բախման, լոբբինգի եւ մեր կառույցում այլեւս հաստատված փաստի՝ կոռուպցիայի մասին: Բազմաթիվ փաստեր են ներկայացվել, այդ թվում՝ միջազգային հետաքննող տարբեր կազմակերպությունների կողմից, որ ԵԽ անդամ որոշ երկրներ մեր կառույցում փաթեթներով պատգամավորներ են գնում, ովքեր ամեն ամիս լուրջ գումարներ են ստանում իրենց դոնոր երկրներից, նշյալ երկրներում ունեն սեփականություն եւ բիզնես, եւ մեր կառույցն օգտագործում են իրենց դոնոր երկրի քաղաքական շահերը սպասարկելու համար: ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից անմիջապես հետո Իտալիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ 2012-2014 թվականներին Ադրբեջանի կառավարությունից շուրջ 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար, որի դիմաց Վոլոնտեն պարտավորվել էր տապալել Բաքվի շահերին հակասող բանաձեւերը եւ մասնավորապես Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի բանաձեւը: Միլանի դատախազությունը քննության ընթացքում բացահայտել էր ողջ շղթան, որի միջոցով Ալիեւի կառավարությունը տարիներ շարունակ գումարներ է փոխանցել Վոլոնտեին եւ նրա խմբին՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը սպասարկելու համար: Վոլոնտեին կաշառելու համար նախատեսված գումարը տրվել է ադրբեջանական «ԲԱԿ-ՏԵԼԵԿՈՄ» ընկերության հաշվից, իսկ գումարը փոխանցվել է դանիական «Դանսկ-Բանկ»-ի՝ Էստոնիայում գործող մասնաճյուղի միջոցով: Բացի դա, Միլանի իրավապահները պարզել են նաեւ, որ Վոլոնտեն բազմաթիվ անգամներ կաշառք է ստացել ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովից եւ մի շարք այլ ադրբեջանցի գործիչներից:

Հարգելի գործընկերներ, դուք հրաշալի գիտեք, որ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի կողմից կաշառված միակ պատգամավորը չի եղել: Այստեղ, այս պահին նստած են մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք ուղղակիորեն սպասարկում են ադրբեջանական շահը: Վստահաբար՝ ոչ Ալիեւի հանդեպ եղբայրական սիրուց դրդված: Գաղտնիք չէ նաեւ, որ մեր Վեհաժողովի ներկա նախագահ Պեդրո Ագրամունտը եւս Բաքվի շահերի երդվյալ պաշտպանն է. Ալիեւի հանդեպ պլատոնական սիրուց, թե այլ պատճառով, դա էլ թողնում եմ ձեր դատին: Ի դեպ, այս օրերին ուկրաինական պատվիրակությունն Ագրամունտի «մեղքերը» ավելացրեց եւս մեկով՝ նրան մեղադրելով նաեւ Ռուսաստանի լոբբիստը լինելու մեջ:

Հարգելի գործընկերներ, ես հույս ունեմ, որ առաջիկայում մի քանի երկրների իրավապահներ եւս, ինչպես Իտալիայի դեպքում, քրեական գործեր կհարուցեն ԵԽԽՎ մի քանի պատգամավորի հանդեպ, ովքեր տարիներ շարունակ սնվել են ադրբեջանական նավթային երակից: Եւ քանի դեռ մեր կառույցի դեմքը փրկելու փոքր, բայց հույս կա, հրապարակային քննարկման առարկա դարձնենք ԵԽԽՎ-ում լուրջ արմատներ գցած կոռուպցիոն սխեմաների խնդիրն ու որպես առաջին քայլ՝ դիմենք ազգային խորհրդարաններին՝ կոռումպացված պատգամավորներին մեր Վեհաժողովից հետ կանչելու համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am